top of page

Նախքան որոշում կայացնելը յոգայով զբաղվելու

վերաբերյալ,  առաջարկում եմ  արագ ծանոթանալ 

Յոգայի ընդհանուր գաղափարի հետ և Ձեր համար

հասկանալ, թե արդյոք այն կօգնի Ձեզ ունենալ 

առողջ մարմին, հանգիստ միտք և երջանիկ  կյանք:​

Մեր առօրյայում բոլորս գտնվում ենք արտաքին աշխարհի բազմաթիվ ազդակների հետ անդադար առնչության մեջ. աշխատանք, ուսում, ընտանիք, ընկերներ, փող, սիրային հարաբերություններ, երեխաներ, և այլն: Մեր ամբողջ ուշադրությունը սևեռելով դեպի դուրս մենք գրեթե երբեք ժամանակ չենք ունենում նայելու դեպի ներս և հասկանալու, թե իրականում ինչ է կատարվում այստեղ՝ մեր խորքում, մեր ներքին աշխարհում: Արտաքին աշխարհը պարզապես լիովին կլանում ու սպառում է մեր գիտակցությունը և էներգիան:

Կյանքի տարբեր մակարդակներում մարդու հիմնական գործողությունները կատարվում են առանց ինքնագիտակցության կախարդանքի, առանց հասկանալու, թե ինչու ենք վարվում այս կամ այն ​​կերպ: Շատ անգամ մենք չենք էլ գիտակցում, որ գործում ենք ծնողներից կամ ուրիշ նշանակալի անձանցից ընդօրինակված կաղապարների սահմաններում, որոնք էլ իրենց հերթին ժառանգվել են նախնիներից: Ժամանակ առ ժամանակ մեր գործողությունները անգամ ծառայում են մնացածից չտարբերվելու նպատակին…

Հիմնականում մենք կանգ չենք առնում որ մի պահ մտածենք. «արդյո՞ք այս պահին սա է իմ սրտի ուզածը»: 

Սովորաբար մենք ուղղակի անտեսում ենք այդ ներքին ձայնը, որը գալիս է սրտից՝ մեր «ինտուիցիա»-ն:

 

_MG_9983.jpg

Այս կերպ ապրելով արտաքին աշխարհը չի կարող ներդաշնակ լինել ներքին աշխարհի հետ, մեր միտքը չի կարող ներդաշնակ լինել մեր սրտի հետ, որին ի հետևանք տուժում են  թե՛ մարմինը, թե՛ հոգին: Դա էլ դառնում է մի ուղիղ ճանապարհ դեպի սթրես, տագնապ և  դեպրեսիա:

Յոգա նշանակում է Միություն

Առաջին հերթին դա վերաբերում է մեր մարմնի, մեր մտքի և մեր ոգու միությանը, ինչը անհրաժեշտ է կյանքում երջանկության և ներդաշնակության գալու համար:

Յոգան նաև վերաբերում է ամեն-ամենի միությանը. ամեն մի բան Երկիր մոլորակի վրա և նույնիս ամբողջ տիեզերքում գոյություն ունի իրար հետ հարաբերակցված, միայն Միության պայմանով և պատճառով: Լույսը չի կարող գոյություն ունենալ առանց մթի, ոչ մի մոլորակ չի կարող գոյություն ունենալ առանց տիեզերքի, ոչ մի նյութական ձև չի կարող գոյություն ունենալ առանց իր շուրջ գտնվող տարածության, ոչ մի արարած չի կարող գոյություն ունենալ առանց ամբողջ էկոսիստեմի, տղամարդը չի կարող գոյություն ունենալ առանց կնոջ, և իհարկե, մարդը չի կարող գոյություն ունենալ առանց մարմնի, մտքի և ոգու: Ամեն ինչ միասնություն է, ամենը փոխկապակցված է և կախված  մեկը մյուսից, ամեն ինչ և՛ պատճառ է և՛ հետևանք: Ամենը Մեկ է...

 

Միասնության այս գաղափարը գտնվում է գոյության հիմնքում:

 

Այսօր, Յոգայի մասին խոսելիս մենք հիմնականում հասկանում ենք Հաթա Յոգան, որը վերաբերում է միայն ֆիզիկական դիրքերին, մեդիտացիային և շնչառական հատուկ տեխնիկաներին: Մինչդեռ, նշվածը Յոգիկ պրակտիկայի ընդամենը մի մասն է: Յոգան շատ լայն համակարգ է և վերաբերում է մարդկային կյանքի զարգացման բոլոր ասպարեզներին՝ երաժշտությանը, պարին, հոգեբանությանը, սոցիոլոգիային և այդպես շարունակ: Այս բոլոր մակարդակներում Յոգան առաջարկում է հատուկ մոտեցումներ և տեխնիկաներ, որոնք մեզ օգնում են հասնել համընդհանուր միասնության գաղափարին կամ տիեզերական գիտակցությանը:

 

Իրականում, այդ գիտակցության աստիճանին հասնելու բազմաթիվ եղանակներ կան, որոնցից մի մասը նկարագրված է Յոգայի տարբեր ուղղություններում, իսկ մյուս մասը իրենցից ներկայացնում են այլընտրանքային ճանապարհներ: Այսպիսով, վերին գիտակցությանը կարելի է հասնել նաև մեդիտացիայի, անվերապահ սիրո, անձնուրաց աշխատանքի, գիտելիքների ձեռքբերմամբ, արվեստի, նույնիսկ տառապանքի, ցավի միջոցով: Այնպես որ, տարբերություն չկա, թե ինչպես ենք մենք գալիս, կարևորը ընթացքն է, մեր ճանապարհը և տրանսֆորմացիան, մեր կյանքի ամեն վայրկյանը և նոր արդեն մեր հնարավոր լուսավորությունը :)

 

Այսպիսով, յոգան պարզապես գործիք է, որն օգնում է մեզ հասնել համընդհանուր գիտակցության: Այն նաև հիանալի բուժիչ հատկություն ունի մարմնի և մտքի համար: Յոգան կարող է դրական ազդել մարմնի կառուցվածքային խնդիրների, ոսկրերի և հոդերի հետ կապված խնդիրների, ինչպես նաև հորմոնալ և իմունային համակարգերի խանգարումների վրա: Մասնավորապես, յոգան բուժում է նյարդային համակարգի խանգարումները, հուզական լարվածությունը և բոլոր տեսակի հոգեբանական դժվարությունները `սթրեսից մինչև փսիխոզ:

Եկեք միասին սկսենք Յոգայի առաջին քայլերը՝ դուք ինքներդ կզարմանաք, թե ինչպիսի մեծ ու հրաշալի ապրումների կարող է ձեզ պարգևել յոգան:

Հեռ: +37477877190 Whatsapp, Telegram

Էլ. փոստ: yerevanyoga@gmail.com

Կողբացի 42, Երևան

  • Facebook
  • YouTube
  • Instagram

​© 2021 - 2025 by Yerevan Yoga. 

bottom of page